Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

ԵՄ-ն Թուրքիային ու ՈՒկրաինային լծեց նույն սայլին

ԵՄ-ն Թուրքիային ու ՈՒկրաինային լծեց նույն սայլին
28.12.2017 | 00:02

Անկարան ու Կիևը 2018-ի նախօրեին Եվրոպայից «նվեր» ստացան։ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարեց, որ «Թուրքիան վերջին տարիներին իր վարած քաղաքականությամբ տեղ չպիտի ունենա ԵՄ-ում, ազնիվ կլիներ դադարեցնել Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները»: Նա նշեց, որ «ԵՄ-ում հիմա այդ հարցով մեծամասնություն չկա», բայց Վիեննան «հույս ունի դաշնակիցներ գտնել այս հարցում», որովհետև Թուրքիայում «մենք տեսնում ենք մարդու իրավունքների նշանակալից խախտումներ»։ Կուրցին հաջորդեց Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի ինքնատիպ հայտարարությունը. «Ես չեմ կարող առաջիկա տարիներին ոչ Թուրքիային, ոչ ՈՒկրաինային տեսնել ԵՄ անդամ»։ Նախարարը կողմ է այդ երկրների հետ «սերտ համագործակցության այլընտրանքային ձևերի» որոնմանը։ Նրա կարծիքով` օրինակ կարող է դառնալ գործարքը, որ Բրյուսելը փորձում է ստանալ Լոնդոնից։ «Եթե մենք կարողանանք հասնել խելամիտ համաձայնության, որ կկարգավորի ԵՄ-ի հետ հարաբերությունները բրեկզիտից հետո, դա կարող է մոդել դառնալ այլ երկրների համար` ՈՒկրաինայի կամ Թուրքիայի»` բացատրել է Զիգմար Գաբրիելը։ Խոսելով Անկարայի հետ համագործակցության զարգացման մասին` նախարարը չի բացառել, որ կարելի է հասնել «Մաքսային միության առավել սերտ ձևի», բայց «դա անհնար է, քանի դեռ իրավիճակը Թուրքիայում չի փոխվել»։ Մինչ այդ Գաբիրելը հայտարարել էր, որ քանի դեռ Անկարայում Ռեջեփ Թայիբ Էրդողանն է իշխանություն, «Թուրքիան ԵՄ անդամակցության շանս չունի»` որքան էլ Էրդողանը ձգտի դիտավորյալ «տարաձայնություններ սերմանել մեր միջև, որ ինքն առավել գրավիչ ներկայանա»։ Փաստացի` Գաբրիելը մի կողմից քաղաքական նույն հարթության վրա է դրել ՈՒկրաինային ու Թուրքիային, մյուս կողմից` չի բացառել ԵՄ Մաքսային միությանը մասնակցելու հնարավորությունը։ Դա ստեղծված իրավիճակի ինքնատիպությունն է։
Վերջին ժամանակներս Թուրքիայի համեմատությունը ՈՒկրաինայի հետ Եվրոպայում սովորույթ է դառնում, թեպետ Թուրքիայի ԱԳ նախարարը դեմ է, թեկուզ այն պատճառով, որ «պետականության տարբեր պատմություն» ունեն։ Միևնույն ժամանակ, գրում է ուկրաինական «Корреспондент» պորտալը, ձախողվեցին «եվրոպական» Կիևի փորձերը` իրեն ներկայացնել «ասիական» Մոսկվայի անտիպոդը, իսկ «ՈՒկրաինան հայտնվեց Թուրքիայի կողքին իր եվրասիական պարադիգմայով»։

Պորտալի կարծիքով` «եվրոպական հիմնարար արժեքներից մեկը` հարգանքը միմյանց նկատմամբ ու հանդուրժողականությունը, ՈՒկրաինայում չընդունվեց։ Կիևի արտաքին քաղաքականությունը, չնայած բոլոր կարգախոսներին ու քարոզչությանը, նույնպես, ցավոք, մնում է ոչ եվրոպական, այլ` տեղայնական, պրովինցիալ ու շուկայական։ Իրոք Եվրոպա դառնալու շանսը մենք կորցրինք 2014-ին, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ իշխանությունը կողմնորոշվում է ստատուս քվոյի պաշտպանության կողմը` ԱՄՆ-ի աջակցությամբ և Ռուսաստանի, Ղրիմի, Դոնբասի թեմայով մեքենայություններին։ Եվրոպան իբրև գաղափար ու երազ մնաց այնտեղ` մեր պլացկարտային վագոնի դռներից դուրս, որ տարօրինակ երթուղիով` Թուրքիայի, Մերձավոր Արևելքի ու Ասիայի միջով է շարժվում դեպի Վաշինգտոն»։ ԱՄՆ-ի Atlantic Council վերլուծական կենտրոնը, հղում անելով ՈՒկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցումների տվյալներին, գրում է, որ «ուկրաինական հասարակությունը շատ ավելի քիչ լավատեսական տրամադրություններ ունի և շատ ավելի քիչ է կողմնորոշված դեպի Արևմուտք, քան երկրի ղեկավարները»։ Իրո՞ք ուկրաինացիները եվրոպացիներ են։ 2017-ի հունիսին Իլկո Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնությունների» հիմնադրամի հարցումներով ուկրաինացիների 38 %-ն իրեն եվրոպացի է համարում։ Եվրոպական ինքնանույնականացումն ամենաբարձրը Արևմտյան ՈՒկրաինայում է (53 %), Կենտրոնական շրջաններում` 37 %, Հարավայինում` 35 %, Արևելքում 30 %։ Այս տվյալները շատ համահունչ են Թուրքիայի տրամադրություններին։ Գուցե գնահատականները հուզական են։ ՈՒկրաինացի փորձագետները կարծում են, որ Թուրքիային ու ՈՒկրաինային միավորում է, որ երկու երկրները, թեպետ պետականության կայացման միանգամայն տարբեր պատմություններ ունեն, առաջին հերթին «բաժանված» պետություններ են, որոնց ներսում անցնում է «քաղաքակրթական սահման»։

Թուրքիայի տարածքի 2 %-ը գտնվում է Եվրոպայում, մինչդեռ Եվրոպայի ժամանակակից սահմանները ՈՒկրաինայում (դեռ հայտնի չէ` ինչպես) նոր են որոշվում։ Երկրորդ` երկու երկրները պարբերական ներքին ցնցումների գոտում են, որ կապված են համաշխարհային տնտեսական ու ֆինանսական համակարգերի փլուզման գործընթացների ու մի քանի տնտեսական դաշինքների ձևավորման հետ` հյուսիսամերիկյան, եվրոպական, եվրասիական, արևելաասիական, հարավամերիկյան, գուցե` մերձավորարևելյան։ Դաշինքներից յուրաքանչյուրն ունի առաջատար պետություն, որի շուրջ ձևավորվում է տնտեսական ու ռազմաքաղաքական միություն։


Թուրքիան հազիվ թե երբևէ ձևավորի մերձավորարևելյան տնտեսական ու ռազմաքաղաքական միություն, որովհետև դեռ իրեն մխիթարում է Եվրոպայի մաս դառնալու պատրանքներով։ ՈՒկրաինան դարձնում են Թուրքիա, որ սկսում է ավելի շատ ձգտել դեպի Ռուսաստան, ավելի ճիշտ` ԵԱՏՄ: Հիշեք «Թուրքական հոսքը»` ՈՒկրաինան շրջանցող գազատարը, ՌԴ օգնությամբ իրականացվող թուրքական միջուկային խաղաղ ծրագիրը, ռազմատեխնիկական համագործակցության խորացումը։ Դա նման է Անկարայի շրջադարձի դեպի Մոսկվա, մինչդեռ Կիևը Մոսկվայից հեռանում է։ Թուրքիայի ու ՈՒկրաինայի հասցեին քննադատական դիտողությունների ու ցանկությունների քանակը նշանակալից մեծացել է։ Գերմանիայի ԱԳ նախարարն արձանագրեց Արևմուտքի շատերի համար անսպասելի շրջադարձը Թուրքիայի ու ՈՒկրաինայի ղեկավարության ու քաղաքական գործիչների նկատմամբ։ Թուրքիան այլևս ԵՄ-ի անդամակցության կարիքը չունի, սական մտադիր չէ միակողմանի դուրս գալ պայմանագրերից` այդպես է ասում Էրդողանը, որ պահեստային քայլ ունի դեպի Ռուսաստանը: ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դերիոզը հայտարարեց, որ հաջողվել է «վերադառնալ հարաբերությունների նախաճգնաժամային մակարդակին», և «զարգացման նոր նպատակներ նախանշել»։ Ի՞նչ կասի հիմա Կիևը։
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Կիևը ոչինչ չի ասի, ՈՒկրաինայում ներիշխանական պայքար է և հարց է` ընտրություններում Պյոտր Պորոշենկոն կպահպանի՞ իշխանությունը։ Եթե այո, ինչպե՞ս պիտի նա ալիքի վրա պահի տնտեսությունը: Եթե ոչ, ո՞վ է լինելու հաջորդ նախագահը և ինչպե՞ս է նա լուծելու նույն հարցը։ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ժամանակի մեջ կարող են կրճատել ֆինանսական աջակցությունը, եթե բարեփոխումները ՈՒկրաինայում պահանջված ընթացքը չունենան: 2019-ին Թուրքիայում նախագահական ընտրություններ են, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն արդեն ընտրություններին մասնակցելու մտադրության մասին բարձրաձայնել է` քննադատելով Էրդողանի քաղաքականությունը։ Իսկ նա Էրդողանի համար լուրջ մրցակից է։ Մի քանի տարում տարածաշրջանում կարող է ամբողջ պատկերը փոխվել։ Հավելեմ, որ 2018-ին էլ նախագահական ընտրություններ են Ադրբեջանում։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ